Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան «Շառլ դը Գոլ» ավիակրի գլխավորությամբ հարվածային խումբ է տեղակայել Արևելյան Միջերկրական ծովում՝ Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել պատերազմի ֆոնին։
«Բարդ գործողություններ են՝ պաշտպանել տարածաշրջանի երկրներում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին, աջակցել դաշնակիցներին և գործընկերներին, ինչպես նաև ապահովել նավարկության ազատությունը և ծովային ուղիների անվտանգությունը»,- ասել է նա։
Մակրոնը շեշտել է, որ ֆրանսիական ուժերը զուտ պաշտպանական նպատակներով են տեղակայված և չեն մասնակցում մարտական գործողությունների հակամարտության որևէ կողմի դեմ։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ տարածաշրջանում կլինեն «Շառլ դը Գոլ» ավիակիրը, մոտ 20 «Ռաֆալ» կործանիչ, օդային վաղ նախազգուշացման ինքնաթիռներ, մի քանի ֆրեգատ և դեսանտային նավեր, ինչպես նաև եվրոպացի դաշնակիցների ուժերը։
Մակրոնը հավելել է, որ գործողության նպատակներից մեկը կարող է լինել Միջերկրական ծովում, Կարմիր ծովում և Հորմուզի նեղուցում ծովային տրանսպորտի անվտանգության ապահովումը, երբ պայմանները բավարար լինեն։