Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել իրանցի ժողովրդին ցուցաբերած համերաշխության համար։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ հրապարակելով հեռախոսազրույցի բովանդակությունը։
«Մասուդ Փեզեշքիանը երախտագիտություն հայտնեց Ռուսաստանի կողմից իր հայրենիքի ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանող իրանցի ժողովրդի հետ համերաշխության համար և մանրամասն ներկայացրեց հակամարտության ներկայիս սուր փուլում տեղի ունեցող զարգացումները»,- ասվում է ռուսական կողմի հայտարարության մեջ։
Ըստ Կրեմլի` Ռուսաստանի նախագահը վերահաստատել է Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումը՝ Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և քաղաքական-դիվանագիտական կարգավորման ուղուն հնարավորինս շուտ վերադառնալու անհրաժեշտության վերաբերյալ։
«Վլադիմիր Պուտինը նշել է, որ մշտական կապի մեջ է այն երկրների ղեկավարների հետ, որոնք մաս են կազմում Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդին», - ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի ղեկավարը մեկ անգամ ևս ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ այաթոլլահ Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ։
Ռուսաստանի և Իրանի նախագահները համաձայնել են շարունակել Մոսկվայի և Թեհրանի միջև շփումները տարբեր խողովակներով։
Սա այս մակարդակի շփումների մասին առաջին հրապարակային հայտարարությունն է Իրանի վրա ամերիկաիսրայելական հարձակումից հետո։