ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մարտի 5-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Տրանսպորտի պրակտիկայի ղեկավար Շոմիկ Ռաջ Մահնդիրատայի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, վարչական գործունեության և բողոքների քննության վարչության պետ Նորիկ Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, ՏԿԵՆ և Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի մասնագետներ։
Հանդիպման թեման Հայաստանում ճանապարհային անվտանգության աուդիտի գործընթացին առնչվող հարցերի և օրենսդրական կարգավորումների քննարկումն էր։
Քրիստինե Ղալեչյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի գործընկերներին ճանապարհային անվտանգության օրակարգի իրագործման ուղղությամբ որպես գործընկեր ՀՀ կառավարությանը մշտապես աջակցելու համար։ Նա ընդգծել է, որ Կառավարությունը որդեգրել է ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելիչ քաղաքականություն, որը ուղղված է ճանապարհային անվտանգության խնդիրների լուծմանը։ Այս կոնտեքստում CEPA համաձայնագրից բխող «Ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարման մասին» հրահանգի պահանջների մոտարկման նպատակով Հայաստանում պետք է ներդնի Ճանապարհային անվտանգության աուդիտի ինստիտուտը։
Նշվածի համատեքստում Համաշխարհային բանկը՝ Ճանապարհային անվտանգության գլոբալ հաստատության (GRSF) հետ իրականացվող «Հայաստանի ճանապարհային անվտանգության կառավարման ուսումնասիրում» ծրագրի շրջանակներում աջակցում են ՏԿԵՆ-ին ճանապարհային անվտանգության աուդիտի մեթոդաբանական փաստաթղթերի մշակման համար։
Նախարարի տեղակալը նշել է, որ հատկապես կարևոր է տարբերակել ճանապարհային անվտանգության աուդիտորի, նախագծողի և տեխնիկական հսկողի պարտականությունների շրջանակը գործառույթների կրկնությունից խուսափելու համար։
Հանդիպման ընթացքում ՀԲ-ի և GRSF փորձագետները ներկայացրել են զեկույց Ճանապարհային անվտանգության կառավարման, ճանապարհատրանսպորտային պատահարների տնտեսական հետևանքների, ինչպես նաև ճանապարհային անվտանգության աուդիտի միջազգային փորձի ու աուդիտորի անկախ, անկողմնակալ, օբյեկտիվ և հիմնավորված գնահատում իրականացնելու վերաբերյալ։
Հաշվի առնելով քննարկվող թեմայի կարևորությունը՝ հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։