ՀՀ կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, փոփոխություն և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշում։
«Նախատեսվում է 339 մլն դրամ հատկացնել մարզպետների աշխատակազմերին՝ դեպի կլաստերային դպրոցներ տանող ընդհանուր 7.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, դրանց փորձաքննության ծառայությունների, ինչպես նաև 1.4 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման համար։
Միևնույն ժամանակ ասեմ, որ Կառավարության չզեկուցվող հարցերով մենք 503.5 մլն դրամ այսօր հատկացրել ենք 470 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների և 10 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, նորոգման, միջին նորոգման վերակառուցման և կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման համար: Սա համանման արդեն երկրորդ որոշումն է»,- նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ հարցը վերաբերում է նորակառույց դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգմանը։ «Խոսքը 300 դպրոց ծրագրի շրջանակներում կառուցվող դպրոցների մասին է։ Հիշո՞ւմ եք, որ մենք խոսել ենք, որ երեխաները պետք է գնան նոր դպրոց նոր ճանապարհներով, և, իհարկե, տրանսպորտային հարցի լուծման մեր նախնական պատկերացումն ունեինք մենք, բայց նաև հետագայում ծնողների հետ հաղորդակցության ընթացքում որոշակի նոր գաղափարներ են ի հայտ եկել, դա էլ կփորձարկենք»։