Բոլոր տնտեսվարողների հարցերով նախկինում զբաղվել եմ, նրանց աջակցել եմ, բայց ուզում եմ այս ամբիոնից հայտարարել, որ որոշների հարցով ու խնդիրներով չեմ զբաղվելու: Այդ մասին Ազգային ժողովի՝ մարտի 3-ի նիստին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի դիտարկմանը, ըստ որի՝ կոնյակ արտադրողները ստիպված են ամիսներով մնալ Վրաստանում, քանի որ այնտեղ արհեստական ձգձգումներ կան:
Պապոյանը անդրադարձավ կոնյակ արտադրող տնտեսվարողներից երկու խմբի խնդիրներին՝ նշելով, որ մի գյուղացու խաղողը չմթերողներին չի աջակցելու:
«Ունենք երկու տիպի կոնյակ ու կոնյակի սպիրտ արտահանողներ: Ընկերություններ, որոնք վերջին 3-4 տարիներին տասնյակ հազարավոր տոննաներով (ընկերություն կա, որ 100,000 և ավելի տոննա՝ 3 տարի իրար հետ), խաղող է մթերել, ես այդ ընկերության կողքին կանգնած եմ: Տասնյակ հազարավոր տոննա մթերողների կողքին կանգնած եմ:
Կան ընկերություններ, որոնք վերջին 3 տարում խաղող չեն մթերել, բայց չգիտես, թե ոնց միլիոնավոր լիտրերով կոնյակի սպիրտ են ուզում արտահանել: Այ, ես նրանց հետ պրոբլեմ ունեմ: Էդ ո՞ւմ սպիրտն են արտահանում, եթե մեր գյուղացու խաղողը չեն մթերում: Ինչո՞ւ պետք է նրանց կողքին մենք կանգնենք, էդ ո՞ւմ սպիրտն են նրանք արտահանում, այսինքն՝ գյուղացու խաղողը չեն մթերում, ինչ-որ մեկի սպիրտը առնում են, բերում, տանում են, մի հատ էլ պիտի կողքները կանգնե՞նք: Այ, նրանց կողքը չեմ կանգնելու:
Իսկ նա, ով հայ գյուղացու խաղողն առնում է, մինչև վերջ նրա կողքին կանգնած եմ: Ու կոչ եմ անում՝ Դուք էլ ինձ հետ գաք, գնանք, այդ հարցերը լուծենք: Իսկ ովքեր խաղող չեն մթերում, ու եսիմ ինչով են զբաղված, կներեք, բայց նրանց հարցը մեր հարցը չէ: Ընդհակառակը՝ նրանց գործունեության արդյունքում մեր կոնյակի անունն է ընկնում, մեր պետության անունն է ընկնում»,-ասաց նա: