Այսօր մարտիմեկյան իրադարձությունների տարելիցն է: 18 տարի առաջ այս օրըլուսադեմին ոստիկանները հարձակվեցին Ազատության հրապարակում գիշերող նախագահի ընտրության արդյունքներից դժգոհ ցուցարարների վրա: Նույն օրը՝ ավելի ուշ Մյասնիկյանի արձանին հարող տարածքում ցուցարարների և ուժայինների միջև բախումների հետևանքով սպանվեց տասը մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան: Մինչ օրս այս սպանությունների համար որևէ անձի մեղադրանք չի ներկայացվել:
Սակայն դեպքերից 18 տարի անց էլ դեռ գործով զարգացումներ կան: Օրերս իրավապահները հայտարարեցին, որ քրեական հետապնդում է հարուցվել քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի նկատմամբ: Նա մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել հանրահավաքի մասնակից մի լուսանկարչի, վերցնել և ջնջել նրա 3600 լուսանկարը: Քրեական հետապնդումներ են հարուցվել ոստիկանության ևս 4 նախկին պաշտոնյայի նկատմամբ:
Դատարանում է քրեական գործը, որով անցնում են Հայաստանի երկրորդ նախագահն ու նրա երեք բարձրաստիճան ենթակաները: Գործով կան նաև հետախուզվող նախկին պաշտոնյաներ: Մարտիմեկյան իրադարձությունների հանգամանքները բացահայտելու գործընթացում 20-ից ավել քննիչներ են ներգրավված: Շարունակվում են հետազոտվել հազարավոր զենքեր:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի տեսանյութում։