Աֆղանստան-Պակիստան սահմանին բախումները շարունակվում են: ԶԼՄ-ների տվյալով՝ Պակիստանի ռազմաօդային ուժերը հարվածել են Թալիբների դիրքերին, հաղորդվում է զինտեխնիկայի ոչնչացման և դիրքային առաջխաղացման մասին։ Իսլամաբադից հայտնում են, որ զոհվել է 270-ից ավելի աֆղանստանցի զինվոր, վիրավորվել ավելի քան 400-ը։ Տեղեկություններ կան, որ գերեվարվել են թալիբների ներկայացուցիչներ: Թիրախում է հայտնվել նաև Քաբուլը: Միևնույն ժամանակ, Իսլամաբադից հաստատել են, որ պակիստանցի զինվորականներ էլ են տուժել: Հաղորդվում է 10-ից ավելի զոհի և շուրջ 30 վիրավորի մասին:
Աֆղանստանից էլ հայտնել են պակիստանյան կարևոր օբյեկտների հարվածելու մասին, խոսքն այդ թվում՝ ռազմաբազաների մասին է: Լուրեր են շրջանառվում, որ Պակիստանում միջուկային կենտրոն է թիրախավորվել: Կան զոհեր և վիրավորներ:
Ավելի վաղ՝ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել էր Աֆղանստանում «Թալիբան» շարժման դեմ «բաց պատերազմ» վարելու մասին: Խավաջա Ասիֆի խոսքով՝ թալիբների կառավարությունն Աֆղանստանը վերածել է «հնդկական գաղութի», երկրում հավաքել է «ահաբեկիչների աշխարհի տարբեր ծայրերից», սկսել է ահաբեկչություն «արտահանել» և խլել է Աֆղանստանի ժողովրդի հիմնարար իրավունքները։ «Պակիստանը ջանքեր է գործադրել՝ բնականոն իրավիճակը պահպանելու համար: Սակայն նրանք փորձեցին ագրեսիվ հարձակում իրականացնել Պակիստանի դեմ, մեր ուժերը վճռական պատասխան են տալիս», - գրել է նախարարը Իքսի էջում։
Ստեղծված իրավիճակի ֆոնին Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Աֆղանստանի, Կատարի, Պակիստանի և Սաուդյան Արաբիայի իր գործընկերների հետ:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան