Փետրվարի 27-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Աշոցք-Բավրա, Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ճանապարհահատվածները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Գնդեվազ-Ջերմուկ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Մեղրու լեռնանցքից մինչև Քաջարան հատվածը, Սպիտակի և Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ալագյազ-Ծիլքար և Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Նաիրիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Դիլիջանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Տավուշի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։
«Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում։