Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մեկ անգամ ևս տեղեկացնելով, որ ավարտվել է իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունը։
Հակոբյանը տեղեկացրել է, որ լքում է Կառավարական առանձնատունը, պետությանը հանձնում այս տարիներին ստացած բոլոր արարողակարգային նվերներն ու տեղափոխվում վարձակալած բնակարան:
Նրա խոսքով՝ ինքը այսուհետ պետական պահպանություն չի ունենա, կապրի իր հաշվին եղած որոշակի գումարով, որը գոյացել է այդ թվում եկամտային հարկի վերադարձից և «Իմ քայլը» հիմնադրամում աշխատանքի արդյունքում:
Հակոբյանը նշել է, որ ցանկություն ունի շարունակել աշխատել այդ հիմնադրամում, բայց դա միայն իր որոշելիքը չէ:
Անդրադառնալով «Իմ քայլի» կողմից իրականացվող անգլերենի անվճար դասերը ընտրություններից առաջ բարեգործության արգելքի խախտում համարելու հայտարարություններին՝ Հակոբյանը չի բացառել, որ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել որպես հիմնադրամի գործադիր տնօրեն:
Տեսանյութին կից գրված է․
«Իմ բոլոր ընկերների՛ն, ծանոթ-անծանոթների՛ն, հեռու-մոտիկ բարեկամների՛ն և անգամ ամենահարազատ մարդկանց տեղյակ եմ պահում, որ այս թեման ինձ հետ քննարկման ենթակա չէ։ Ես արգելք եմ դնում դրա վրա։
Ձեզ էլ, սիրելի՛ ժողովուրդ, հորդորում եմ շատ ժամանակ չծախսել այս հարցը «դնել-վերցնելու» վրա. պարապ զբաղմունք կդառնա՝ անօգուտ և անպտուղ։
Լսեցինք, արձանագրեցինք, անցանք առաջ»։