Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության սոցիալական իրավունքների, առողջապահության և շրջակա միջավայրի վարչության տնօրեն Ռաֆայել Բենիտեզին։ Այս մասին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության զարգացման առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև համատեղ իրականացված աշխատանքների ընթացքն ու արդյունքները․ անդրադարձ է կատարվել նաև սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումներին, մարդու իրավունքների վրա հիմնված քաղաքականությունների ընթացքին և խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ամրապնդման մեխանիզմներին։
Նախարար Թորոսյանը խոսել է ոլորտային առաջնահերթությունների մասին՝ մանրամասնելով ապաինստիտուցիոնալացման գործընթացի, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների որակի ու հասանելիության բարձրացման ուղղությամբ աշխատանքները։
Ռաֆայել Բենիտեզը շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից սահմանված գերակայությունների և ընթացիկ ծրագրերի ներկայացման համար՝ վերահաստատելով Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը ՀՀ-ում ոլորտային բարեփոխումների իրականացման ուղղությամբ։