Իռլանդիան ընդամենը ութ ռազմանավ ունի, սակայն ռուսական սպառնալիքը պարտավորեցրել է մշակել ծովային ռազմավարություն, գրում է BBC-ն։
Իռլանդիայի պատմության մեջ ծովային անվտանգության առաջին ռազմավարությունն առաջարկում է ընդլայնված համագործակցություն ՆԱՏՕ-ի երկրների հետ: Պատճառը ռուսական ստվերային նավատորմն է և Մոսկվայից բխող այլ հիբրիդային սպառնալիքները։ Իռլանդիան պահպանում է չեզոքություն, սակայն պաշտպանական կապերը Բրիտանիայի, Ֆրանսիայի և դաշինքի մյուս անդամների հետ կզարգանան, նշում է լրատվականը։
Իռլանդիայի կառավարությունն առավել մտահոգված է կղզու կյանքի համար կենսական նշանակություն ունեցող կապի ստորջրյա մալուխների և գազատարների դեմ հնարավոր դիվերսիայով։ Մեկ այլ մտահոգություն է կասկածելի անօդաչու թռչող սարքերի հայտնվելը կարևոր օբյեկտների վրա։
Իռլանդիան նաև օգնության կարիք ունի, քանի որ այս տարի նախագահելու է Եվրամիության խորհուրդը և պետք է ապահովի տասնյակ եվրոպացի առաջնորդների անվտանգությունը:
Իռլանդիայի ազգային ծովային անվտանգության ռազմավարությունը հստակ անդրադառնում է «այսպես կոչված ռուսական ստվերային նավատորմի հետ կապված սպառնալիքներին»։ Բրիտանական իշխանությունների տվյալներով՝ Մոսկվան օգտագործում է ավելի քան 600 նավ՝ նավթ տեղափոխելու համար՝ շրջանցելով պատժամիջոցները։ Դրանք սովորաբար գրանցված են Ռուսաստանից դուրս և կրում են տարբեր երկրների դրոշներ։
ՆԱՏՕ-ն կասկածում է, որ այդ նավերն աշխատում են ոչ միայն Ռուսաստանի նավթային ոլորտի, այլև հատուկ ծառայությունների համար։