Կառավարությունը որոշմամբ առաջարկվում է ևս վեց ամսով երկարաձգել Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրով օժանդակություն ստանալու հնարավորությունը: 2024 թ.-ից մեկնարկած ծրագրով օժանդակությունները տրամադրվել են առավելապես պարտատոմսերի թողարկման համար։
Ըստ այդմ, ծրագրի ընդհանուր շահառուների թիվը 2026 թ․ փետրվար ամսվա դրությամբ 8-ն է, որից 2-ը օժանդակություն են ստացել 2024, 5-ը՝ 2025 և 1 ընկերություն՝ 2026 թվականին։ Տրված օժանդակության ընդհանուր ծավալը կազմել է 310 մլն դրամ, իսկ 8 շահառուների կողմից թողարկված պարտատոմսերի ընդհանուր ծավալը՝ մոտավոր 20.8 մլրդ դրամ։
Դիտարկելով կորպորատիվ պարտատոմսերի շուկայի զարգացումը 2022-2025 թթ․ համար, արձանագրվող պատկերը հետևյալն է՝ ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ծավալը 2022 թ․ փաստացի 413.9 մլրդ դրամից 2025 թ․ հասել է 664.1 մլրդ դրամի, ինչը կազմում է շուրջ 60% աճ։ Միևնույն ժամանակ, 2022–2025 թթ․ ընթացքում արձանագրվել է կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գործարքների ծավալի 33% աճ և գործարքների քանակի 221% աճ։
Ծրագրով օժանդակություն ստանալու վերջնաժամկետը սահմանված էր մինչև 2026 թ. սեպտեմբերի 1-ը։ Որոշմամբ առաջարկվում է ևս վեց ամսով երկարաձգել Ծրագրով օժանդակություն ստանալու հնարավորությունը: Ծրագրի երկարացման արդյունքում ակնկալվում է, որ պարտատոմսերի շուկայում կմեծանա ոչ ֆինանսական հատվածի ընկերությունների ներկայացվածությունը և ընկերությունները երկարաժամկետում հնարավորություն կստանան դիվերսիֆիկացնելու իրենց ֆինանսավորման աղբյուրները, ինչը թույլ կտա հաղթահարել ունեցած գրավի իրացվելի արժեքով պայմանավորված վարկավորման սահմանափակումները՝ բիզնեսի հետագա զարգացման ֆինանսավորումը դնելով նոր և առավել հրապարակային և թափանցիկ հիմքերի վրա։
Մյուս կողմից նոր կորպորատիվ արժեթղթերի շրջանառությունը կնպաստի ներդրողների, այդ թվում և ինստիտուցիոնալ ներդրողների ակտիվացմանը, ներդրումային պորտֆելների դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև թողարկումներն ուղեկցող ոլորտների և ծառայությունների ակտիվացմանը։ Մասնավորապես ակնկալվում է, որ ծրագրի երկարացման արդյունքում 10-15 ընկերություններ կիրականացնեն մոտ 30 միլիարդ դրամի պարտատոմսերի թողարկումներ։