Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն լուրջ քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ճանապարհին՝ հանդես գալով տարբեր նախաձեռնություններով:
Նա նաև նշել է, որ երկիրը չի մասնակցի մայիսի 4-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին: Բայրամովը հստակեցրել է, որ նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի խիտ և հագեցած օրակարգում նման այց նախատեսված չէ։
Պաշտոնյան անդրադարձել է նաև 2024 թվականին Ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանմանը: Նա շեշտել է՝ Բաքվի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ սկզբունքային է և հստակ՝ դա Ռուսաստանի պաշտպանության նախարարության սխալն էր: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Մոսկվան կիրագործի 2025 թ. հոկտեմբերին երկու երկրի նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունները, տեղի ունեցածին իրավական գնահատական կտրվի, և փոխհատուցում կվճարվի:
Բայրամովին արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը: Մարիա Զախարովայի խոսքով՝ Մոսկվան մտադիր է ամբողջությամբ կարգավորել ինքնաթիռի կործանման թեմայով մնացած բոլոր հարցերը և շրջել այդ ողբերգական էջը կողմերի հարաբերություններում: Նա նաև ադրբեջանցի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Ռուսաստանի ձերբակալված քաղաքացիներին շուտափույթ ազատ արձակելու անհրաժեշտության վրա:
2024 թ. դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի մեկնող AZAL-ի ուղևորատար ինքնաթիռը կործանվել էր Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ: Ինքնաթիռում գտնվող 67 անձից 38-ը զոհվել էր: Ենթադրվում է, որ ինքնաթիռին հարվածել է ռուսական հրթիռ, երբ այն փորձել էր վայրէջք կատարել Չեչնիայի մայրաքաղաքում:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան