ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փետրվարի 24-ին ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Արթուր Էրկենին և կազմակերպության Հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միգրացիոն հոսքերի կառավարման ռազմավարական մոտեցումները, ինչպես նաև մարդկանց շարժունակության կարգավորման և վերահսկելիության, անվտանգ միգրացիայի ապահովմանն ուղղված գործնական լուծումները։
Քննարկվել են նաև ժողովրդագրական զարգացումներն ու տնտեսության կարիքներին համապատասխան մարդկային ռեսուրսների համալրման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել կրթական համակարգի և աշխատաշուկայի պահանջների հարաբերակցությանն ու կարիքներին համահունչ մասնագիտական վերապատրաստումների շարունակականությանը։
Կողմերը մտքեր են փոխանակել միգրացիոն կառավարման գործիքների հնարավորությունների շուրջ՝ խոսելով մուտքի և ելքի հոսքերի առավել արդյունավետ վերահսկմանն ուղղված թվային լուծումների, ինչպես նաև անվտանգ միգրացիոն ուղիների ձևավորման մասին։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը՝ ուղղված անվտանգ և մարդակենտրոն միգրացիոն համակարգի զարգացմանը։