Նախագծով առաջարկվում է պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացին մասնակցությունը, ինչպես նաև ծառայութունն արդյունավետ ապահովելու նպատակով տեղեկատվության օպերատիվ ձեռքբերման և փոխանակման տեսանկյունից տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունն օրենքով ամրագրել որպես էկոպարեկային ծառայողի իրավունք: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 25-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նշվել է, որ նախաձեռնության ընդունման արդյունքում էկոպարեկային ծառայողի կողմից կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացին մասնակցությունը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը կամրագրվի օրենքով: «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն ընդունվել է 2023 թվականի նոյեմբերին և ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից:
Մտքերի փոխանակման ընթացքում Արամ Մեյմարյանը հայտնել է, որ Էկոպարեկային ծառայությունում առկա 1176 հաստիքային միավորից լրացված են 831-ը, դեռևս թափուր է 345 հաստիք:
Փոխնախարարը հայտնել է, որ էկոպարեկային ծառայող դառնում են դասընթացների արդյունքում: «Դասընթացները և համապատասխան քննությունները հանձնելոց հետո նոր ընդունվում են էկոպարեկային ծառայություն»,- ի պատասխան պատգամավորների հարցերի, որոնք վերաբերում էին էկոպարեկների կրթությանը` պարզաբանել է Արամ Մեյմարյանը:
Նշվել է, որ Էկոպարեկային ծառայության գործարկման արդյունքում էապես ավելացել են ոլորտում իրավախախտումների բացահայտման դեպքերը:
Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Հարցը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը: Նախագծերի փաթեթի ընդունումը հնարավորություն կտա կարգավորել կարանտին վնասատու օրգանիզմներով վարակված բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների վարակազերծման և ոչնչացման իրավահարաբերությունները՝ նպաստելով կայուն բուսասանիտարական իրավիճակի ապահովմանը:
Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է դրական եզրակացության: