Օպերատիվ ձևով հրավիրվել է խորհրդակցություն բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ, տեղի են ունեցել քննարկումներ և որոշում է կայացվել կասեցնել ջրամատակարարման ժամանակացույցի գործողությունը։ Այս մասին «Լուրեր»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Արտավազդ Ղալամքարյանը։
«Ակնկալվում է, որ առաջիկա երկու շաբաթում լրացուցիչ ուսումնասիրություններ կիրականացվեն Ջրային կոմիտեի, ՀԾԿՀ-ի և «Վեոլիա ջուր» ընկերության կողմից և արդյունքում մենք կունենանք լավարկված, բարելավված ջրամատակարարման ժամանակացույց։
Ինչու ենք կարծում, որ մենք դրա հնարավորությունն ունենք, քանի որ 2024-ից մեկնարկել են կապիտալ աշխատանքների լայնածավալ ծրագրեր, ունենք տարեկան ծավալով գրեթե եռապատկված ծրագրեր, որոնց արդյունքը տեսանելի կլինի 2026 թվականին։
Եռապատկված ծավալներով կապիտալ աշխատանքները և Երևան մղվող հնարավոր ջրածավալների ավելացումը նոր հայտնաբերված ջրաղբյուրների շնորհիվ հիմք են տալիս վստահ լինելու, որ 2026 թվականին խմելու ջրի մատակարարման ժամանակացույցն ավելի լավն է լինելու, քան մենք ունեցել ենք 2024-25 թվականներին»,- ասել է նա։
Ավելի վաղ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել էր, որ Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։
Ինչպես տեղեկացրել էինք Երևանի մի շարք հասցեներում մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ:
«Վեոլիա ջուր» ընկերությունը
պարզաբանել էր 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկությունները՝ նշելով, որ գրաֆիկները հրապարակվում են համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած կանոնների։ Ընկերության հաղորդմամբ՝ տարվա ընթացքում, հատկապես ամռան ամիսներին, ժամանակացույցը կարող է փոփոխվել՝ պայմանավորված եղանակային գործոններով, ջրաղբյուրների ջրատվության շուրջ 24% նվազմամբ և նոր սպառողների թվի աճով։ Նշվում էր նաև, որ ներդրումային ծավալների եռապատկումը միտված է ջրի ֆիզիկական կորուստների կրճատմանը և առաջիկա տարիներին Երևանի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալների ավելացմանը։ Ընկերությունը վստահեցնում է, որ վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունները չեն խախտվել։