Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին երեքշաբթի հայտարարել է, որ Իրանը մտադիր է որքան հնարավոր է շուտ հասնել «արդար և իրավահավասար» համաձայնության Միացյալ Նահանգների հետ՝ նշելով, որ երկու երկրները «պատմական հնարավորություն ունեն աննախադեպ համաձայնագիր կնքելու համար»:
Արաղչին հայտարարությունը հրապարակել է X սոցիալական ցանցում Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային հարցի շուրջ անուղղակի բանակցությունների երրորդ փուլի նախաշեմին, որը նախատեսված է հինգշաբթի՝ Ժնևում:
«Նախորդ փուլի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա Իրանը Ժնևում կվերսկսի Միացյալ Նահանգների հետ բանակցությունները՝ հնարավորինս շուտ արդար համաձայնության հասնելու վճռականությամբ»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ ոչ մի պարագայում Իրանը միջուկային զենք չի մշակի, միևնույն ժամանակ, իրանցիները չեն հրաժարվի ի շահ ժողովրդի խաղաղ միջուկային տեխնոլոգիաների առավելություններից օգտվելու իրենց իրավունքից:
Արաղչիի խոսքով՝ ստեղծվել է «աննախադեպ համաձայնագիր կնքելու պատմական հնարավորություն», որը կփարատի փոխադարձ մտահոգություններն ու կապահովի փոխադարձ շահերի իրականացումը։ Ըստ նրա՝ գործարքը հասանելի է միայն այն դեպքում, եթե առաջնահերթությունը տրվի դիվանագիտությանը։