Միացյալ Նահանգները և Իրանն անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Ժնևում՝ փետրվարի 26-ին, հայտնել է Օմանի արտգործնախարարը: Ըստ աղբյուրների՝ բանակցություններին կմասնակցի նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին: Իրանի նախագահը հայտարարել է, որ Ժնևում նախորդ հանդիպման ժամանակ կողմերը գործնական առաջարկներ են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման համար, կան «հուսադրող ազդանշաններ»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ հարց է առաջացել, թե ինչու Իրանը կապիտուլյացիայի չի ենթարկվել` հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի կուտակումը: Ի պատասխան՝ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչն ասել է, որ երկրի քաղաքական բառապաշարում «կապիտուլյացիա» բառը գոյություն չունի: Էսմայիլ Բաղայիի խոսքով, երկրի զինված ուժերը 24-ժամյա ռեժիմով հետևում են Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի տեղակայմանը, և ագրեսիայի դեպքում կպատասխանեն:
Միջազգային այլ լուրեր՝ տեսշարով։
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան