Փարիզի Լուվրի տնօրեն Լորենս ըե Կարն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից՝ հայտնի թանգարանում տեղի ունեցած աղմկահարույց կողոպուտից չորս ամիս անց։ Ելիսեյան պալատը փետրվարի 24-ին տեղեկացրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդունել է նրա դիմումը։ «Աշխարհի խոշորագույն թանգարանին այժմ անհրաժեշտ են նոր, հզոր ազդակներ՝ անվտանգության և արդիականացման կարևոր նախագծեր իրականացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Տնօրենի ազատվելու դիմումը հաջորդել է անցած տարվա հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած «դարի կողոպուտի» վերաբերյալ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի զեկույցը ներկայացնելուց մեկ շաբաթ անց: Զեկույցում Լուվրի ղեկավարությունը մասամբ պատասխանատու է ճանաչվել թագավորական զարդերի աղմկահարույց գողության համար։ «Գոյություն ունի բացթողումների ցանկ, որոնք այլ երկրներում և հաստատություններում վաղուց կհանգեցնեին հրաժարականների»,- հայտարարել է հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Պորտիեն՝ ակնհայտորեն նկատի ունենալով դը Կարին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին չորս տղամարդ Լուվրից գողացել էին ֆրանսիական թագավորական զարդերի մի մասը, որոնց անվանական արժեքը կազմում է 88 միլիոն եվրո: Ցուցանմուշների պատմական անդառնալի արժեքն էլ ավելի բարձր է: