Փարիզի դատախազ Լորա Բեկոն հայտարարել է, որ հոկտեմբերին Լուվրից ֆրանսիական թագավորական զարդեր գողացած անձինք մանր հանցագործներ են, որոնք ապրում են Ֆրանսիայի մայրաքաղաքի աղքատ արվարձանում՝ գրում է BBC-ն։
Նա հավելել է, որ կողոպուտի առիթով ձերբակալված և մեղադրվող չորս անձինք՝ երեք տղամարդ և մեկ կին, «տեղացիներ են և ապրում են Սեն Դենի շրջանում» (Փարիզի աղքատ արվարձան, որը գտնվում է մայրաքաղաքից հյուսիս)։ Բեկոյի խոսքով՝ ձերբակալված չորս տղամարդուց երկուսը բազմիցս դատապարտված են եղել գողության համար։
Ոստիկանությունը նախկինում ձերբակալել էր ևս երկու կասկածյալի՝ Ֆրանսիայում բնակվող 34-ամյա Ալժիրի քաղաքացու և 39-ամյա տաքսու վարորդի։ Իրավապահ մարմինները հայտնել են, որ նրանք «մասամբ խոստովանել են» իրենց մասնակցությունը Լուվրի կողոպուտին։
Նախաքննությունը ենթադրում է, որ աշխարհի ամենահայտնի թանգարանում գողությունը կատարել է չորս անձ, և նրանցից մեկը դեռևս ազատության մեջ է։
Այս շաբաթ իշխանությունները ձերբակալել են ևս երեք անձի, որոնց քննել են կողոպուտին մասնակցելու առիթով, սակայն ազատ են արձակել առանց մեղադրանք ներկայացնելու։
Դատախազները մտավախություն ունեն, որ արժեքավոր իրերն արդեն տեղափոխվել են արտասահման, ինչը նշանակում է, որ դրանց գտնելը շատ դժվար կլինի։ Սակայն Փարիզի դատախազն ասել է, որ գողացված արժեքները վաճառելը ներկայումս անհնար է, և նշել է, որ դեռ ուշ չէ դրանք վերադարձնելու համար։