Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունների հերթական փուլը նախատեսված է մարտի սկզբին։ Նա հավելել է, որ մինչ այդ՝ փետրվարի 26-ին, Ժնևում կհանդիպեն Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովն ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը: Կքննարկվեն Ուկրաինայի վերականգնման, եռակողմ հանդիպման նախապատրաստման և գերիների փոխանակման հետ կապված հարցեր:
Ավելի վաղ՝ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցություններում ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հաստատել էր, որ առաջիկա օրերին մեկնելու է Ժնև՝ Թեհրանի և Կիևի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար: Նրա խոսքով՝ Վաշինգտոնում հավատում են, որ հնարավոր կլինի կազմակերպել Պուտինի և Զելենսկու հանդիպումը՝ լուծելու գլխավորապես տարածքների հարցը: Բանակցային գործընթացը մեկնաբանել էին նաև Կիևից՝ նշելով, որ հիմնականում կենտրոնացած են տարածքային խնդիրների վրա, որոնց մաս է Զապորոժիեի ԱԷԿ-ը:
Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Վաշինգտոնը ջանասիրաբար աշխատում է սպանություններն ու կոտորածը դադարեցնելու ուղղությամբ։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ամեն ամիս զոհվում է 25000 զինվոր: Նման բան երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահը»,- կրկնել է Սպիտակ տան ղեկավարը։
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում։