Ժողովրդավարությունն ու խաղաղությունը նվազեցնում են անհավասարությունը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ ներկայացնելով վիճակագրություն:
«Հայաստանը 2025 թվականին արձանագրել է 7,2% տնտեսական աճ՝ ըստ Համաշխարհային բանկի տվյալների։ Բացի այդ, եկամուտների բաշխվածությունը ևս դրական դինամիկա է արձանագրում։ Ջինիի գործակիցը, որով չափվում է անհավասարությունը, կազմել է 27,2 (0–100 սանդղակով, որտեղ 0-ն նշանակում է բացարձակ հավասարություն, իսկ 100-ը՝ բացարձակ անհավասարություն)։
Սա նշանակում է, որ տնտեսական աճի արդյունքները չեն կուտակվում փոքրամասնության մոտ․ համենայնդեպս, այն միֆը, թե «հարուստները հարստանում են, աղքատները մնում են աղքատ», թվերով հաստատում չի ստանում։
Եվ սա այն պայմաններում, երբ՝
• առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը դեռ ամբողջությամբ ներդրված չէ,
• համայնքներում սոցիալական աշխատողի ինստիտուտը դեռևս ամբողջապես կայացած չէ և չի գործում ցանկալի ծավալով,
• սոցիալական պաշտպանության մի շարք գործիքներ շարունակում են գտնվել զարգացման փուլում։
Առաջիկայում մենք ավելի մեծ արդյունքներ կգրանցենք, երբ տնտեսական քաղաքականությանը զուգահեռ ուժեղացնենք նաև սոցիալական ոլորտի մեր քաղաքականությունները և կայանան նոր համակարգերը։
Սրանք ժողովրդավարության և խաղաղության արդյունքներն են՝ թվերով։ Եվ այդ արդյունքները մենք պետք է ավելացնենք միասին»,- գրել է պատգամավորը։