Վրաստանի կառավարությունը հատուկ որոշմամբ 2026 թվականի մարտի 1-ից երկրում ամբողջությամբ սահմանափակում է օտարերկրյա քաղաքացիների աշխատանքը մի շարք մասնագիտությունների գծով՝ հայտնել են վրացական լրատվամիջոցները:
Փաստաթղթի համաձայն՝ օտարերկրացիներին ամբողջությամբ կարգելվի աշխատել առաքման, ուղևորափոխադրումների, այդ թվում՝ տաքսիների ոլորտում, ինչպես նաև մատուցել զբոսավարների ծառայություններ: Սահմանափակումները տարածվում են ոչ միայն վարձու աշխատանքային գործունեության, այլև այդ ոլորտներում ձեռնարկատիրական աշխատանքի վրա:
Բացառություն է արվում միայն ուղեկցորդների, այդ թվում՝ դահուկային ուղեկցորդների համար: 2026 թվականին այս ոլորտում կարող է աշխատել ոչ ավելի, քան 200 օտարերկրյա մասնագետ։
Ավելին, խստացվում են այլ ոլորտներում օտարերկրացիների աշխատանքի ընդունման կանոնները: Գործատուները պարտավոր են աշխատանքային ներգաղթյալի թափուր աշխատատեղի մասին հայտարարություն տեղադրել պաշտոնական զբաղվածության պորտալում՝ թույլտվության համար դիմում ներկայացնելուց առնվազն 10 աշխատանքային օր առաջ։
Մարտի 1-ից սկսած՝ բոլոր օտարերկրյա քաղաքացիների համար սահմանվում է պարտադիր հատուկ աշխատանքային թույլտվություն, ինչը կապահովի նաև կացության թույլտվությունը: Այսպիսով, երկրի իշխանություններն ուժեղացնում են վերահսկողությունն աշխատաշուկայի նկատմամբ և սահմանափակում օտարերկրացիների մասնակցությունը մի շարք առավել պահանջված սպասարկման մասնագիտություններում: