Փորձագետները իրատեսական են համարում երրորդ երկրի միջոցով Հայաստանի երկաթուղու վերցնելը ռուսական կոնցեսիոն կառավարումից, ինչի մասին օրեր առաջ հայտարարել էր վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը մատնացույց էր արել Ղազախստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների ու Կատարի օրինակները: Վերցնելով կոնցեսիոն կառավարումը Ռուսաստանից, ըստ փորձագետների, երրորդ երկիրը կարող է արտապատվիրակել կառավարման գործառույթը՝ տարածաշրջանային գործընթացներում ներգրավելով նաև մեր հարևան Վրաստանին:
Ադրբեջանից Վրաստանով Հայաստան մտնող երկաթուղու միջոցով հնարավոր է Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապի ամենակարճ ճանապարհն ապահովել, կարծում են մասնագետները:
Տարածաշրջանում երթուղիների ապաշրջափակման գործընթացի շրջանակում ռուսական կառավարման ներքո գտնվող Հայաստանի երկաթուղու հատվածների շուրջ թնջուկի լուծման այս տարբերակը Նիկոլ Փաշինյանը հիմնավորել էր նրանով, որ երկկողմ սուր հարաբերությունների պատճառով որոշ երկրների անհանգստացնում է Հայաստանի երկաթուղու ռուսական կառավարումը, ուստի նրանք ավելի նպատակահարմար են համարում Նախիջևանից հետո Հայաստանը շրջանցող այլընտրանքային երթուղին:
Սրանով վարչապետը ակնարկել էր, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային գործընթացներից, ուստի բարեկամությունը՝ բարեկամություն, բայց Հայաստանը պարտավոր է ընտրել իր շահը:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան