Նման խոսակցություններ են տարածվում, որ մարտի մեկից սկսած կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է, և մարդիկ պետք է անպայման վճարեն անկանխիկ եղանակով՝ քարտով կամ փոխանցումով։ Ուզում եմ ասել, որ նման որոշում չկա և պլաններում նման որոշում նույնպես չկա։ Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում նշել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Շարունակվելու է այնպես, ինչպես այսօր. մինչև 300 հազար դրամ արժեքով գործարքների դեպքում մարդը կարող է վճարել և՛ կանխիկ, և՛ անկանխիկ, 300 հազար դրամից ավելի գործարքների դեպքում պարտադիր պետք է լինի անկանխիկ վճարում. բացառությամբ առողջապահության և կրթական ծառայությունների, որտեղ վճարումները պետք է պարտադիր լինեն անկանխիկ եղանակով։ Մարտի մեկից մեկ այլ կարևոր լավ փոփոխություն ունենք. անկանխիկ առևտրի դեպքում քարտերի միջնորդավճարները կրկնակի չափով նվազում են, այսինքն ArCa քարտով առևտուր անելու դեպքում այդ միջնորդավճարը կկազմի կես տոկոս, իսկ Master և Visa քարտերով առևտուր անելու անելու դեպքում դա կկազմի ընդամենը 0.9 տոկոս. սա կարծում եմ՝ շատ կարևոր ու լավ նորություն է հատկապես փոքր բիզնեսով զբաղվող մեր տնտեսվարողների համար։ Հիշեցնեմ՝ ArCa քարտերով առևտուր անելու դեպքում մեր հայրենակիցները կարող են նաև 2 տոկոսի չափով քեշբեքեր ստանալ»,- ասել է Թունյանը։