ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպմանը քննարկվել են նախարարության և հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ անդրադարձ է եղել «Սերունդ» կրթական ծրագրի շրջանակում նախորդ տարվա սեպտեմբերից մեկնարկած Seroond Catalyst նախագծին։
Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է համատեղ աշխատանքն ու գործընկերների ջանքերը, որոնք իրականացվում են կրթության ոլորտում համագործակցության տարբեր ձևաչափերով և նոր մեխանիզմների ներդրմամբ՝ ուղղված համակարգի արդյունավետության բարձրացմանը և ներառականության զարգացմանը:
Seroond Catalyst նախագիծն իրականացվել է Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և Լոռու մարզերի 6 դպրոցներում։ Ծրագրի նպատակն է ձևավորել ինքնակառավարվող, հավաքական արդյունավետությամբ, տվյալահենք գործունեությամբ և սոցիալ-հուզական ուսումնառության մշակույթ ունեցող դպրոցներ:
Կարևորվել է արդյունավետության գնահատման ցուցիչի սահմանումը՝ ծրագրի հետագա ընթացքի և ընդլայնման տեսանկյունից։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև կրթության բովանդակության բարելավմանն ուղղված մի շարք հարցերի: