ԿԳՄՍ նախարարությունում կայացել է Արագածոտնի մարզի Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում հունվարի 6-ին անցկացված հոգևոր երաժշտության երրորդ փառատոնի մասնակից երգչախմբերի շնորհակալագրերի հանձնման արարողությունը։ Շնորհակալագրերը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արևշատ և Քաղցրաշեն գյուղերի, Թալին քաղաքի երաժշտական դպրոցի, Ապարան քաղաքի արվեստի դպրոցի սաները, ինչպես նաև «Ֆիմեյլ կոմպոզերս» երգչախումբը։
Դանիել Դանիելյանը շնորհակալություն է հայտնել երգչախմբերի սաներին՝ կարևորելով փառատոնի անցկացման դերը արժեքահենք գաղափարների տարածման առումով։ «Փառատոնը նպաստում է հոգևոր արժեքների պահպանմանը, ազգային երաժշտական ժառանգության հանրահռչակմանը, մշակութային զարգացմանն ու երեխաների մոտ հոգևոր արժեքների ամրապնդմանը։ Վստահ եմ՝ 7-րդ դարի պատմամշակութային հուշարձանում ելույթով հանդես գալը ձեզ համար յուրահատուկ փորձառություն է»,- դիմելով հանդիպման մասնակիցներին՝ ասել է նախարարի տեղակալը և հավելել, որ փառատոնը նոր շունչ է հաղորդում պատմության և մշակույթի հուշարձանին։
Շնորհակալագրերից բացի՝ երեխաներին Գիրք նվիրելու օրվա առթիվ հանձնվել են նաև գեղարվեստական գրքեր: