ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի և ՀՀ մարզերի մի խումբ դպրոցականների հետ այսօր այցելել է ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
ԿԳՄՍ նախարարին ուղեկցել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։
Այցին մասնակցել են 7-12-րդ դասարանների դպրոցականներ, որոնք արձագանքել էին նախարարի՝ ֆեյսբուքյան էջով հրապարակված հրավերին։
Նախաձեռնության նպատակն է խթանել աշակերտների հետաքրքրությունը գիտության նկատմամբ և հնարավորություն ընձեռել նրանց անմիջականորեն ծանոթանալու գիտահետազոտական գործունեությանը։
Դպրոցականները գիտաշխատողների ուղեկցությամբ շրջել են ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներում, ծանոթացել իրականացվող գիտական ծրագրերին և ընթացիկ հետազոտություններին։ Աշակերտները զրուցել են գիտնականների հետ, ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ինչպես նաև ականատես եղել գիտական փորձերին։
Ժաննա Անդրեասյանը զրուցել է դպրոցականների հետ՝ հետաքրքրվելով նրանց մասնագիտական կողմնորոշմամբ, ապագա ծրագրերով և գիտության նկատմամբ հետաքրքրությամբ։
Ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի գնահատմամբ՝ հասարակության և գիտական ոլորտի միջև առկա է որոշակի տարանջատվածություն, և նմանօրինակ նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ավելի մոտիկից պատկերացնելու, թե ինչով են զբաղվում գիտնականները, ինչ խնդիրների վրա են աշխատում և ինչ լուծումներ են առաջարկում՝ ուղղված կյանքի բարելավմանը։
Նրա խոսքով՝ գիտաշխատողները փորձել են աշակերտներին հնարավորինս մատչելի ներկայացնել իրականացվող հետազոտությունները։
Աշակերտները ծանոթացել են կենսամոլեկուլների համակարգչային մոդելավորման աշխատանքներին, ինչպես նաև տեղեկացել հնագիտական պեղումներից ստացված ոսկրային նյութից ԴՆԹ-ի առանձնացման և տարբեր ժամանակաշրջաններում մարդկանց ծագումնաբանական հարցերի ուսումնասիրման գործընթացին։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տարբեր ժամանակաշրջաններում արձանագրված փոփոխություններին և տարածված հիվանդություններին։
Դպրոցականները եղել են նաև վիրուսաբանական լաբորատորիայում, որտեղ իրականացվող հետազոտություններն առնչվում են գյուղատնտեսությանը։
«Դպրոցականներն իրենց ձեռքով փորձեցին ելակից անջատել ԴՆԹ-ն, որպեսզի տեսնեն՝ գործնականում ինչպես է իրականացվում այդ գործընթացը։ Կարծում եմ՝ սա նրանց համար շատ հետաքրքիր փորձ կլինի։ Երեխաները շատ հետաքրքրված էին և բավականին հետաքրքիր հարցեր էին տալիս։ Փորձեցինք նրանց ապագա մասնագիտությունները կապել կենսաբանության հետ։ Ցույց տվեցինք, որ կենսաբանության և կենսատեխնոլոգիայի զարգացումը կարևոր է տարբեր մասնագիտությունների համար»,- ասել է ինստիտուտի տնօրենը՝ ընդգծելով, երեխաները ցուցաբերել են մեծ հետաքրքրվածություն։
Դպրոցականների՝ գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցերը կրելու են շարունակական բնույթ։ Ծրագրին կարող են մասնակցել 7–12-րդ դասարաններում սովորող, գիտությամբ հետաքրքրվող դպրոցականները։ Մասնակցելու ցանկություն ունեցող աշակերտները կարող են դիմել՝ գրելով նախարարի պաշտոնական էլփոստին`
[email protected]։