Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Հայաստանի հետ կարգավորման գործընթացին: «Կարգավորում ասելով՝ նկատի ունենք նաև տնտեսական հարաբերությունների կարգավորումը։ Մենք կարող ենք զարգացնել շփումներն այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։ Այստեղ կարող են լավ հնարավորություններ ի հայտ գալ»,- մանրամասնել է Ալփարսլան Բայրաքթարը։
Պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանը կարող է նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ նախագծերի մաս դառնալ: Նա հույս է հայտնել, որ տարածաշրջանային գործակցությունն այնպես կզարգանա, որ բոլորը կշահեն։
Բայրաքթարը հիշեցրել է նաև «կանաչ միջանցքի» նախագծի մասին, որին ներգրավված են Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան և Բուլղարիան: Այն նախատեսում է վերականգնվող աղբյուրներից, այդ թվում՝ Նախիջևանում արտադրված էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի Թուրքիա և Եվրոպա։