Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է 2026 թվականի պետական բյուջեի օրինագիծը, որն ընդունվել է ուշացումով և խորհրդարանը շրջանցելով։ Այս մասին հայտարարվել է հանրապետության պաշտոնական տեղեկագրում՝ Journal Officiel-ում հրապարակված հայտարարության մեջ։
Մինչ այդ օրենքը ներկայացվել էր Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի քննարկմանը, որը հաստատել էր դրա համապատասխանությունը Սահմանադրությանը:
Հունվարի 30-ին Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն հայտարարել էր 2026 թվականի բյուջեի օրինագծի ընդունման մասին՝ առանց խորհրդարանի քվեարկության՝ կառավարության պատասխանատվությամբ։ Դրանից մեկ օր առաջ Սենատը (խորհրդարանի վերին պալատը) դեմ էր քվեարկել բյուջեի օրինագծին։
Օրենքը նախատեսում է ծախսերի կրճատում բոլոր ոլորտներում՝ բացառությամբ պաշտպանության, որտեղ ծախսերը կավելացվեն 6,7 միլիարդ եվրոյով։ 2025 թվականին բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 5,4%-ը, ինչը նվազեցրել է վարկատուների վստահությունը Ֆրանսիայի նկատմամբ։ Այս առումով իշխանությունները մտադիր են եղել 2026 թվականին պակասուրդի կրճատումը հասցնել մինչև 4,7%-ի, սակայն ընդդիմադիր ուժերի ճնշման տակ ընդունված փոփոխություններից հետո, ենթադրվում է, որ այդ ցուցանիշը կկազմի 5%։