Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել տնտեսական աշխատանքային խումբ ստեղծել՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Սերգեյ Լավրովի խոսքով՝ դրա շրջանակում Մոսկվան ցանկանում է քննարկել երկկողմ գործակցության փոխշահավետության հարցը:
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն էլ կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնը կվերացնի հակառուսական պատժամիջոցները՝ հաշվի առնելով հնարավոր համատեղ նախագծերը, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների կրած վնասները։ Նրա խոսքով՝ ռուս-ամերիկյան պոտենցիալ նախագծերի պորտֆելը գերազանցում է 14 տրիլիոն դոլարը։
Դմիտրի Պեսկովը ևս հայտարարել է, որ Միացյալ Նահանգների պատժամիջոցները խոչընդոտում են երկկողմ գործակցությանը։ «Մենք անօրինական ենք որակում առևտրատնտեսական սահմանափակումները և հետաքրքրված ենք, որ դրանք չեղարկվեն»,- շեշտել է Կրեմլի խոսնակը՝ համոզմունք հայտնելով, որ դա բխում է և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի շահերից: