Շվեյցարիայում ավարտվել է Իրանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը, որն անցել է Ժնևում Օմանի գլխավոր հյուպատոսությունում և տևել շուրջ երեքուկես ժամ: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորել է Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիտկոֆը, իսկ իրանականը՝ Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Թեհրանից հայտնում են, որ օրակարգում են եղել բացառապես իրանական միջուկային ծրագիրը և արևմտյան պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը:
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին տեղեկացրել է, որ արդեն սկսել են միջուկային և պատժամիջոցների հարցերով տեխնիկական որոշ մանրամասներ քննարկել: Պայմանավորվածություն կա, որ բանակցությունները պետք է շարունակվեն: Աբբաս Արաղչին հայտնել է, որ նախորդ շփումների համեմատ զգալի առաջընթաց է գրանցվել, մի շարք կետերով հաջողվել է համաձայնության հասնել։ Արտգործնախարարը հերթական անգամ շեշտել է, որ իր երկիրը չի ցանկանում միջուկային զենք ստեղծել, իսկ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի կիրառումն Իրանի ներքին գործն է՝ թեև Վաշինգտոնը պահանջում է Թեհրանից 0-ի հասցնել ուրանի հարստացումը:
Ավելի վաղ՝ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իրանական կողմը ցանկանում է հասնել միջուկային ծրագրի շուրջ գործարքի: Դոնալդ Թրամփի խոսքով՝ Իսլամական Հանրապետությունում տեղյակ են՝ ինչ հետևանքներ կլինեն, եթե բանակցությունները ձախողվեն: Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդն էլ նախազգուշացրել է, որ կխորտակեն ամերիկյան նավատորմը, եթե այն սպառնա Իրանին:
Թեհրան-Վաշինգտոն լարվածության, Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի ավելացման և Հորմուզի նեղուցում Իրանի մեկնարկած վարժանքների ֆոնին՝ ՌԴ նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևն էլ հայտնել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը նավեր են ուղարկել՝ մասնակցելու համատեղ զորավարժություններին, որոնք առաջիկայում կանցկացվեն կրկին Հորմուզի նեղուցում: Իսկ ներկայումս անցկացվող վարժանքների շրջանակում, ըստ իրանական մամուլի, Հորմուզի նեղուցի որոշ հատվածներ որոշվել է մի քանի ժամով փակել՝ անվտանգության նկատառումներով:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան