Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումն Ուկրաինա, քանի որ Կիևն արգելափակել է ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով՝ հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Դիզելային վառելիքի մատակարարումն Ուկրաինա դադարեցվել է և չի վերսկսվի, մինչև ուկրաինացիները չվերսկսեն նավթի մատակարարումը «Դրուժբա» խողովակաշարով դեպի Հունգարիա»,- ասել է արտգործնախարարը։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն էլ հայտարարել է, որ «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումները դադարեցնելու դեպքում Բրատիսլավան կարող է դադարեցնել Կիևին էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Ավելի վաղ Ֆիցոն հայտարարել էր, որ Բրատիսլավայի նավթավերամշակման և նավթաքիմիական գործարանները կդադարեցնեն նավթամթերքի մատակարարումն Ուկրաինա։ Նա հավելել էր, որ Սլովակիան կդադարեցնի նաև Ուկրաինա դիզելային վառելիքի, ինչպես նաև բոլոր մյուս արտահանումները։
Ըստ բրիտանական Sky News լրատվականի՝ Եվրահանձնաժողովը պահանջել է, որ Ուկրաինան ներկայացնի «Դրուժբա»-ի վերանորոգման ժամանակացույցը։