Քաղաքացիակենտրոն մոտեցում, արագ արձագանք, 24/7 ռեժիմով հասանելիություն․ Սրանք «112» միասնական հեռախոսահամարի գործունեության հիմնարար սկզբունքներն են, պետության և քաղաքացու միջև վստահության կամուրջ, որը միավորում է օգնությունը, պատասխանատվությունն ու օպերատիվ գործելակերպը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 16-ին այցելել է նորաստեղծ 112 օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ փետրվարի 15-ից գործարկվել է միասնական հեռախոսահամարը, միավորելով ոստիկանության և փրկարար ծառայության զանգերը՝ ապահովելով արագ և համակարգված արձագանք։
Նախարար Սարգսյանը ծանոթացել է կենտրոնում կիրառվող տեխնիկական լուծումներին, ահազանգերի ընդունման, մշակման և համապատասխան ստորաբաժանումներին փոխանցման գործընթացներին, հետևել քաղաքացիներին տրվող խորհրդատվության ընթացքին և կարգախմբերի շարժընթացին՝ կարևորելով համակարգի արագ ու թիրախային արձագանքը։
Արփինե Սարգսյանը նաև աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։
Օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորման և գործունեության մեկնարկի առթիվ ՆԳ նախարարը շնորհավորել է կենտրոնի անձնակազմին՝ ընդգծելով, որ կառույցի ձևավորումը նախարարության ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից է։ Նրա խոսքով՝ կենտրոնի գործունեության հիմքում դրված է «Մեկ զանգ, արագ արձագանք» տրամաբանությունը, և անհրաժեշտ է գործել հենց այդ փիլիսոփայությամբ՝ ապահովելով անխափան, համակարգված և արդյունավետ աշխատանք։
«112-ը պարզապես նոր հեռախոսահամար չէ, այլ ահազանգի կառավարման ու արձագանքման տեսանկյունից գաղափարական նոր մոտեցում»,- նշել է Արփինե Սարգսյանը՝ կարևորելով ծառայության արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներում տարբեր սցենարների վրա հիմնված ահազանգերի մոդելավորման կիրառումը, արձագանքման ժամանակի կրճատումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում գործընթացների լավարկման հնարավորությունները։
ՆԳ նախարարը նշել է, որ յուրաքանչյուր ահազանգ, անկախ ծագման վայրից, ունի հավասար կարևորություն՝ ընդգծելով, որ կենտրոնի անձնակազմը պետք է պատասխանատու և բարեխիղճ վերաբերմունք ցուցաբերի բոլոր զանգերի նկատմամբ՝ ապահովելով քաղաքացիների պատշաճ, հարգալից և որակյալ սպասարկում։
Նախարար Սարգսյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացումը՝
ՆԳՆ կրթահամալիրի հետ կազմակերպելով շարունակական վերապատրաստումներ։ Նա նաև կարևորել է իրազեկման միջոցառումների ակտիվացումը, որոնց նպատակը հանրության համար «112» միասնական հեռախոսահամարը հնարավորինս կարճ ժամկետում ճանաչելի դարձնելն է։
ՆԳ նախարարն ընդգծել է նաև շտապօգնության կանչերի համակարգի ինտեգրմանը նախապատրաստվելու կարևորությունը՝ նշելով, որ այդ ուղղությամբ պետք է իրականացվեն անհրաժեշտ կազմակերպչական և տեխնիկական աշխատանքներ՝ ծառայությունների առավել արդյունավետ և միասնական գործարկումն ապահովելու նպատակով։
Շնորհակալություն հայտնելով կենտրոնի ձևավորման գործընթացի պատասխանատուներին՝ ՆԳ նախարարը առանձնահատուկ կարևորել է մասնագիտական թիմի կատարած ծավալուն աշխատանքը։
112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Գեորգի Այվազյանը վստահության և աջակցության համար շնորհակալություն հայտնելով ՆԳ նախարարին՝ հավաստիացրել է, որ կենտրոնի անձնակազմը պատրաստ է պատշաճ կատարել իր գործառույթները՝ ապահովելով արագ արձագանքում: