Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ժնևում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ: Կողմերը քննարկել են Իրան-ԱԷՄԳ համագործակցության հետ կապված հարցեր: Նաև ներկայացվել են Իրանի տեխնիկական մոտեցումները միջուկային խնդրի շուրջ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շրջանակում:
Փետրվարի 17-ին Ժնևում կկայանա Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը՝ կրկին Օմանի միջնորդությամբ:
Ըստ Իրանի արտգործնախարարության խոսնակի՝ բանակցությունների նոր փուլին ներկա կլինեն նաև միջուկային ոլորտի տեխնիկական փորձագետներ: Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ կքննարկվեն ոչ միայն տեխնիկական, այլև տնտեսական, քաղաքական և իրավական հարցեր:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին հայտարարել է՝ Իրանի հետ համաձայնության հասնելը հեշտ չի լինելու, բայց Վաշինգտոնը կփորձի:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է փոխզիջումների գնալ իր միջուկային ծրագրի հարցում՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց: Նրա խոսքով՝ որպես փոխզիջման կամքի ապացույց՝ Իրանը կարող է քննարկել 60 տոկոս հարստացված ուրանի հարստացման մակարդակի նվազեցման հարցը: Նա ևս մեկ անգամ կրկնել է՝ համաձայնագրի հասնելու համար հարկավոր է կենտրոնանալ միայն Իրանի միջուկային ծրագրի վրա, բանակցություններում չներառել հրթիռային ծրագիրը և Իրանից չպահանջել ուրանի հարստացման լիարժեք բացառում:
Թեմային է անդրադարձել նաև Իսրայելի վարչապետը: Բենիամին Նեթանյահուի խոսքով՝ համաձայնագրով ԱՄՆ-ն պետք է պահանջի, որ Իրանը երկրից դուրս բերի հարստացված ուրանի պաշարները, ուրանի հետագա հարստացումը պետք է արգելվի, իսկ Թեհրանի հրթիռային ծրագիրը պետք է սահմանափակվի:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան