ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարությանը կից մոնումենտալ արվեստի հուշարձանների հարցերով աշխատանքային խմբի 2026 թվականի առաջին նիստը:
Քննարկվել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի Պուշկինի 38 հասցեում գտնվող Առաքել Աֆրիկյանի 20-րդ դարի բնակելի տան (պետական ցուցիչ՝ 1.6.195.1, տեղական նշանակության հուշարձան) և Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Կեչառիսի վանական համալիրի Սբ. Գրիգոր եկեղեցու բարավորի որմնանկարների ամրակայման և վերականգնման էսքիզային նախագծերը:
Երևանի 20-րդ դարասկզբի ճարտարապետությունում իր ուրույն տեղն ունի Առաքել Աֆրիկյանի բնակելի տունը, որն առանձնանում է եվրոպական և ազգային ճարտարապետությունների համադրմամբ: 1902 թվականին կառուցված այս տանը պահպանվել են տարբեր վառարաններ (յուրաքանչյուրը եզակի է իր կառուցվածքով, ոճով, գույներով և դեկորացիաներով), ինչպես նաև անհայտ նկարչի կողմից 20-րդ դարի սկզբին առաստաղների վրա նկարված 4 որմնանկար: Դրանք հարդարված են բուսածաղկային հորինվածքով, եզերված գրիզայի տեխնիկայով արված ականթի տերևներից կազմված շրջանակով:
Աֆրիկյանների տան որմնանկարների էսքիզային նախագծի հեղինակը ՌԴ-ում մոնումենտալ արվեստի հուշարձանների բարձրագույն դասի վերականգնող Նիկոլայ Միխայլովն է:
.jpg)
«Հուշարձանների վավերագրում» ՍՊԸ-ի կողմից ուսումնասիրվել և մշակվել է Կեչառիսի վանական համալիրի բարավորի որմնանկարը (վերականգնող որմնանկարիչն է Աշխեն Պապոյանը): Ինչպես եկեղեցին, այնպես էլ որմնանկարը թվագրվում են մոտավորապես 13-րդ դարով: Մուտքի բարավորի վրա պատկերված է Բարեխոսության տեսարանը. կենտրոնում խաչազարդ լուսապսակով Հիսուս Քրիստոսն է նստած, աջ ձեռքն օրհնության նշանով, ձախում պահում է գիրքը: Հիսուսից աջ պատկերված է Սբ. Աստվածամայրը, ձախում պատկերված է Հովհաննես Մկրտիչը (երկուսն էլ դեպի Հիսուսը պարզած ձեռքերով): Վերևում երկու կողմից պատկերված են նեղ լուսապսակներով 12 առաքյալների դեմքերը, իսկ կամարի ներսում՝ հրեշտակների դեմքեր և թևեր:

Որմնանկարների երկու էսքիզային նախագծերը պատվիրել են բարերարները՝ պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում:
Քննարկված երկու նախագծերը ստացել են դրական եզրակացություն:
Նախարարությանը կից մոնումենտալ արվեստի հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է 2022 թվականին: Արդեն 4 տարի է, ինչ լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը, ոչ միայն քննարկում է մոնումենտալ արվեստի հուշարձանների նախագծերը, այլև պետական բյուջեի միջոցներով պատվիրում է դրանց ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակման ու իրականացման աշխատանքները: