Ծաղկաձոր քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի և մեդիա ներկայացուցիչների միջև միջոցառումը: Այդ մասին ասաց «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանը:
«Յուրաքանչյուր կողմից եղել է 20 պատվիրակ: Ադրբեջանական կողմի պատվիրակությունը Հայաստան էր ժամանել սահմանի սահմանազատված ու սահմանագծված հատվածով՝ Ոսկեպար գյուղի մոտակայքում գտնվող կետով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը: Ժամանել էին Հայաստան, և տեղի էր ունեցել մեր համաժողովը: Էական ընդլայնում կա ֆորմատի: Ամեն կողմից մասնակցել է 20 հոգի՝ նախկինում 5 հոգու փոխարեն: Ես դա բավականին կարևոր եմ համարում»,- նշեց Քոչինյանը:
Նա նշեց, որ խոսքն այլևս ձևավորված ֆորմատի, այլ ոչ թե մեկանգամյա, երկուանգամյա կամ երեքանգամյա որևէ նախաձեռնության մասին է:
«Սա իր կանոնները ունեցող, իր ավանդույթները ունեցող ֆորմատ է, որը շարունակվում է և շարունակվելու է: Ես կարևոր եմ համարում այն, որ կողմերը, բացի այս հանդիպումներից, նաև անում են բավականին լուրջ տնային աշխատանք: Մեր երկու երկրներում համապատասխան պատվիրակությունները հանդիպումներ են կազմակերպում այդ երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, մեդիայի հետ, փորձագիտական համայնքի հետ, քաղաքացիների հետ, մարզային համայնքներում այցելություններ են պլանավորվում: Բոլոր ուղղություններով նախաձեռնությունները աշխատում են հնարավորինս ընդգրկուն միջավայր ձևավորելու համար: Նախաձեռնությունները պայմանավորվել են համատեղ պրոյեկտների մասին: Մենք գրում ենք համատեղ հոդվածներ, որոնցից առաջինը, հույս ունեմ, որ առաջիկա օրերին դուք հնարավորություն կունենաք տեսնելու, համատեղ հետազոտություններ: Այլ համատեղ պրոյեկտներ ենք քննարկում, որոնք շուտով իրականություն կդարձնենք: Կարևոր եմ համարում նաև այն, որ մեզանում շարունակվում է ավանդույթը, որ կողմերը, անկախ նրանից՝ միջոցառումը Հայաստանում է, թե Ադրբեջանում, հնարավորություն են ունենում իրենց հասարակություններին հուզող բոլոր հարցերը բարձրաձայնելու և քննարկումներ իրականացնելու»,- ասաց նա:
Արեգ Քոչինյանը տեղեկացրեց, որ ցամաքային անցման գաղափարը ծնվել է հենց փորձագիտական քննարկումների ժամանակ: «Եվ երկու երկրներում այդ գաղափարը ողջունել են և իրականություն են դարձրել: Նաև ուզում եմ հատուկ ընդգծել, որ առաջին անգամ միջոցառումները երկու երկրների կառավարությունների անմիջական աջակցությամբ են իրականացվում՝ պետական աջակցությամբ և պետական ֆինանսավորմամբ»,- նշեց նա:
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանի սահմանազատված և սահմանագծված հատվածով՝ անցնելով բոլոր համապատասխան ընթացակարգերը։ Սա կարևոր գործնական քայլ է հանդիսանում երկու երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ։