Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 16-ին ամփոփվել են Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ Գուրգեն Մադոյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության և Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, վարչական շրջանի դատախազության դատախազներ, այլք:
Գուրգեն Մադոյանը, ներկայացնելով Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ նախաձեռնվել է 1903 քրեական վարույթ (2024 թվականին՝ 2017 քրեական վարույթ):
Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 475 քրեական վարույթ՝ 480 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 237 քրեական վարույթ՝ 258 անձի վերաբերյալ):
2025 թվականին դատարաններում ավարտվել է 217 քրեական գործ՝ 225 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 166 քրեական գործ՝ 171 անձի վերաբերյալ):
Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 1 միլիոն 460 հազար դրամը:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ ուղղված զբոսայգիների տարածքներում օտարումների և վարձակալությունների, մանկապարտեզների շենքերի օտարումների, օրենքի խախտմամբ գործող բենզալցակայանների և գազալցակայանների վերաբերյալ պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում ուսումնասիրությունների ակտիվացմանն ու հանցավորության կանխարգելմանն ու բացահայտմանը: