Փետրվարի 16-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Կոտայքի մարզ աշխատանքային այցի շրջանակում այցելել է Հրազդանի Լևոն Խեչոյանի անվան թիվ 10 ավագ դպրոց։
Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, այցն իրականացվել է Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հետ համատեղ, մասնակցել են նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները:
Տեղի է ունեցել հանդիպում դպրոցի աշակերտների և մանկավարժական կազմի հետ։ Բարձր դասարանների աշակերտների համար Պաշտպանը հանդես է եկել դասախոսությամբ։ Իր խոսքում Անահիտ Մանասյանն անդրադարձել է մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարներին՝ հանդուրժողականությանը, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի ընկալմանը, ինչպես նաև նրա արժանապատվության երաշխավորման կարևորությանը։
Քննարկվել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելքի, բուլինգի, ինչպես նաև իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա հարցերը։ Ընդգծվել է, որ խոշտանգումների արգելքը բացարձակ է, իսկ յուրաքանչյուր անհատի առանձնահատկությունների նկատմամբ հարգանքը` հանդուրժող և համերաշխ միջավայրի կարևոր պայման է:
«Մարդու իրավունքների պաշտպանության համակարգը հիմնված է հստակ արժեքների վրա, և այդ արժեքները մեր հասարակությունում կարող ենք արմատավորել առաջին հերթին կրթության միջոցով։ Այդ առումով մեզանից յուրաքանչյուրը պետք է դրսևորի մոդելային վարքագիծ։ Մարդու իրավունքների երաշխավորման պատշաճ համակարգ արմատավորելու տեսանկյունից կարևոր է ոչ թե հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին պարզապես խոսելով, այլ առաջին հերթին անհրաժեշտ է պատասխանատվություն ստանձնել` յուրաքանչյուրս մեր միջավայրում դրական փոփոխություններ իրականացնելու նպատակով: Մարդու իրավունքների երաշխավորման համակարգի իրական պատկերը արտահայտվում է իրավունքներին առնչվող բոլոր խնդիրները միասնական չափանիշներով հաղթահարելու, ինչպես նաև բոլորի, այդ թվում՝ խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների պաշտպանության արդյունավետ գործիքակազմ կիրառելու պայմաններում։ Մարդասիրությունն է, և ոչ երբեք հերոսանալու ձգտումը, որ հանգեցնում է մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ պատշաճ գործունեության», - նշել է Պաշտպանը։
Անահիտ Մանասյանը խոսել է նաև կրթական հաստատությունների և ՄԻՊ հաստատության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին՝ ընդգծելով, որ ՄԻՊ աշխատակազմի մարզային այցերը կրում են շարունակական բնույթ և միտված են տեղում առկա խնդիրների բացահայտմանը, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացմանը։
Ընդգծվել է, որ կրթական միջավայրի պայմանների բարելավումը պետք է լինի շարունակական գործընթաց։
Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է նաև իր անցած մասնագիտական ուղին և փորձառությունը` նշելով, որ իր համար Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ոչ թե լոկ աշխատանք է, այլ առաքելություն, որն իրականացվում է ամենօրյա և անընդհատ ռեժիմով, և որ այդ ուղին ընտրելով` այլևս պարտավոր ես ծառայել մարդու անքակտելի իրավունքների իրականացման երաշխավորմանը, խթանմանը և պաշտպանությանը:
Հանդիպումն անցել է ակտիվ և կառուցողական մթնոլորտում՝ հարցուպատասխանի և բաց քննարկման ձևաչափով։
Աշակերտները կարևորել են նման երկխոսությունը՝ ընդգծելով, որ երբ Պաշտպանը կամ պատգամավորը այցելում է դպրոց, դա նշանակում է, որ իրենց կարծիքը կարևոր է և լսելի։ Պաշտպանը հորդորել է աշակերտներին դրսևորել ակտիվություն, բարձրաձայնել համայնքային խնդիրները և մասնակցել իրենց վերաբերող որոշումների կայացմանը՝ ապահովելով, որ յուրաքանչյուրի ձայնը լսելի լինի և ունենա որոշիչ նշանակություն։ Պաշտպանն ընդգծել է, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է փոփոխություն սկսել իր անմիջական միջավայրից՝ հետագայում ազդեցություն ունենալով նաև ավելի լայն հանրային գործընթացների վրա։
Ամփոփելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է յուրաքանչյուրի ջանքերի համատեղումը սեփական միջավայրում դրական փոփոխություններ իրականացնելու և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները հաղթահարելու նպատակով։
Պաշտպանը շրջայց է իրականացրել նաև դպրոցի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, ուսումնական և աշխատանքային պայմաններին։ Շրջայցի արդյունքում արձանագրվել է, որ շենքային պայմաններն ամբողջությամբ բարելավման կարիք ունեն․ դասասենյակները և ենթակառուցվածքները չեն համապատասխանում ժամանակակից կրթության կազմակերպման պահանջներին։ Պաշտպանը կարևորում է պետության կողմից նշված հարցի շուտափույթ հասցեավորումը: