Գործարկվել է նախարարության նոր պաշտոնական կայքը՝ https://env.gov.am/: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
Այս նախաձեռնությունը Կառավարության որդեգրած թվայնացման և պետական կառավարման արդիականացման քաղաքականության հերթական կարևոր քայլն է՝ ուղղված պետություն–քաղաքացի կապի ամրապնդմանը, տեղեկատվության բաց և թափանցիկ ներկայացմանը, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը։
Նոր կայքի մշակման ընթացքում առաջնահերթ է համարվել բնապահպանական տեղեկատվության մատչելիությունն ու հասանելիությունը․ բովանդակությունն այժմ ներկայացված է առավել պարզ, հստակ և համակարգված՝ նվազեցնելով բարդ ձևակերպումները և ապահովելով, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա արագ գտնել անհրաժեշտ տվյալներն ու ծառայությունները՝ ընդամենը մի քանի քայլով։
Կայքի նոր տարբերակը մշակվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ՝ լիովին համապատասխանելով ԲՏԱ նախարարության կողմից մշակված թվայնացման սկզբունքներին և մատչելիության ստանդարտին։
Կայքը տեղակայված է Amazon-ի ամպային միջավայրում և մշակված է ՀՀ Կառավարության «Ամպայինն առաջինը» քաղաքականությանը համապատասխան։