Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, մասնավորապես՝
-
մանկապարտեզի խոհանոցի հատակը, պատերը, առաստաղը, դռները չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում,
-
աշխատանքային մակերևույթները, սարքավորումները չեն պահվել նորոգ վիճակում, հնարավոր չի եղել դրանք հեշտությամբ մաքրել և ախտահանել,
-
սննդի կառույցը չի ունեցել ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարան՝ ապահովված տաք և սառը ջրով, ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով,
-
առկա արհեստական օդափոխության համակարգը չի կանխել աղտոտված օդի ներթափանցումը,
-
անձնակազմն ապահովված չի եղել հանդերձարանով:
Հանրային սննդի օբյեկտի՝ Հոբարձի գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է:
ՀՈԱԿ-ի տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և մանկապարտեզի խոհանոցը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ: