Հիմա տեղի ունեցող պրոցեսը մեր կուսակցության համամասնական ցուցակի հաստատման երկփուլ ընտրությունների առաջին փուլի քվեարկությունն է: Ի տարբերություն որոշ օլիգարխիկ ու կլանային կուսակցությունների՝ մենք մեր ցուցակն այսպես ենք կազմում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:
«Մեր պատվիրակները գալիս են, գաղտնի քվեարկությամբ քվեարկում, և այդպես կազմվում է մեր ցուցակը: Ուրիշ կուսակցություններում դուք գիտեք՝ այդ գործընթացն ինչպես է տեղի ունենում, ինչ առուծախեր են տեղի ունենում»,- ասաց Ալեքսանյանը:
Նա մանրամասներ հայտնեց քվեարկության անցկացման վերաբերյալ, նշեց՝ հիմա փաստացի ընտրվում են առաջին 50-ը և երկրորդ 50-ը, և այս քվեարկությամբ ընտրված ու կազմավորված 50-ը հետագայում նույն կարգով ևս մեկ փուլի քվեարկության կանցնի, որպեսզի արդեն կազմավորվի 50-ի դասավորվածությունը:
«Իսկ մյուս 50-ն արդեն կազմավորված է, իհարկե, քվոտայի միջամտությունը կլինի, և վարչությունը կունենա շատ փոքր միջամտության հնարավորություն, բայց հիմնականը կլինի քվեարկությամբ, այսինքն՝ վարչությունը կարող է հնարավորություն ունենալ, օրինակ՝ 55-րդ համարին տեղափոխել 57-րդ համար»,- պարզաբանեց Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ այդ եղանակով էական փոփոխություններ չեն կարող արվել:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ընթանում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը։
Քվեաթերթիկում ընդգրկվել են ՔՊԿ վարչության կողմից գրանցված բոլոր թեկնածուների անունները։ Քվեարկելու իրավունք ունեն համաժողովի պատվիրակները:
Առաջին փուլի քվեաթերթիկը համարվում է վավեր, եթե դրանում քվեարկվել է հիսուն թեկնածուների օգտին՝ 1-ից մինչև 50 թվանշաններով և (կամ) v-աձև նշաններով։
Առաջին փուլի քվեարկության արդյունքներով հիսուն առավելագույն ձայն ստացած թեկնածուները իրավունք կստանան մասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը։ Հիսուն առավելագույն ձայն ստացած թեկնածուների ցանկը կձևավորվի ՀՀ ընտրական օրենսդրությամբ սահմանված` նվազ ներկայացված սեռի քվոտաները լրացնելու համար անհրաժեշտ թվով առավելագույն ձայներ ստացած՝ նվազ ներկայացված սեռի թեկնածուների ներառմամբ, այնպես, որ հիսուն առավելագույն ձայն ստացած թեկնածուների անվանական ցանկը համապատասխանի ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված չափանիշներին։
Եթե առաջին փուլի քվեարկության արդյունքներով առավելագույն ձայներ ստացած թեկնածուների ցանկի հիսուներորդ հորիզոնականում հայտնվում են հավասար ձայներ ստացած մեկից ավելի թեկնածուներ, ապա առավելագույն ձայներ ստացած թեկնածուների ցանկում ներառվում են այդ հորիզոնականում գտնվող հավասար ձայներ ստացած բոլոր թեկնածուները: