Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահե Գևորգյանն (նստավայրը` Պեկին) իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի Թագավոր Նորին Մեծություն Մահա Վաջիրալոնգկորն Ֆրա Վաջիրակլաոչաոյուհուային։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Բանգկոկի Թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում դեսպան Գևորգյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման ուղղությամբ առավելագույն ջանքեր գործադրելու պատրաստակամությունը։
Թաիլանդի Թագավորը շնորհավորել է դեսպան Գևորգյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն իր առաքելության ընթացքում։
Թաիլանդի թագավորը նշել է, որ երկու երկրների միջև ջերմ և կառուցողական կապերը կարևոր հիմք են երկկողմ փոխգործակցության խորացման գործում, ինչպես նաև նաև նպաստում են տարածաշրջանային և գլոբալ համագործակցության զարգացման նախաձեռնություններին:
Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի է ունեցել Վահե Գևորգյանի և Թաիլանդի արտաքին գործերի նախարար Սիհասակ Ֆուանգկեոուի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր։
ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում այս տարի հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում հայկական նախագահության առաջնահերթությունները և շնորհակալություն հայտնել Թաիլանդին COP17-ի շրջանակներում ակտիվ փոխգործակցության համար։