ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում հանդիպմանը քննարկել են դաշինքի պաշտպանության ամրապնդումը և Ուկրաինային աջակցության շարունակումը: Նիստի բացմանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշնակիցների պաշտպանական ծախսերը զգալիորեն ավելացել են: Նա հայտնել է նաև «Արկտիկական ժամապահ» առաքելության մեկնարկի մասին՝ հաշվի առնելով Ռուսաստանի ռազմական ակտիվությունն Արկտիկայում և Չինաստանի աճող հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ:
Ռյուտեն նաև կարևոր է համարել շարունակել «Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ» նախաձեռնությունը, որի միջոով Կիևի գործընկերներն Ուկրաինայի համար ամերիկյան սպառազինություն են գնում: Ի դեպ, հենց այս ծրագրի շրջանակում Մեծ Բրիտանիան 150 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի Ուկրաինային:
Ըստ Բրիտանիայի պաշտպանության նախարարի՝ Լոնդոնը Կիևին կմատակարարի նաև 1000 թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռ՝ 390 միլիոն ֆունտ ստեռլինգի գործարքի շրջանակում:
Նիստի ընթացքում Մարկ Ռյուտեն հանդիպել է նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայլո Ֆեդորովի հետ: Ռյուտեի խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն աշխատում են Ուկրաինային հնարավորինս ամուր անվտանգության երաշխիքներ տրամադրելու ուղղությամբ:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան