ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Ջամալ ալ-Մուսավիի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ու Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը։
Ողջունելով պատվիրակությանը՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է այցի կարևորությունը Հայաստանի և Օմանի միջև մշակութային համագործակցության խորացման և գործընկերության ամրապնդման համատեքստում։ Նրա խոսքով՝ երկու երկրների պատմամշակութային հարուստ ժառանգությունը և պատմականորեն ձևավորված փոխադարձ կապերը կարող են նոր բովանդակություն ստանալ մշակութային երկխոսության և համատեղ ծրագրերի միջոցով։
Նախարարը կարևորել է Հայաստանի պատմության թանգարանի և Օմանի ազգային թանգարանի միջև մեկնարկած համագործակցությունը՝ այն դիտարկելով որպես երկկողմ մշակութային գործընկերության ռազմավարական ուղղություն։ Առանձնակի շեշտադրվել է համատեղ ցուցադրությունների կազմակերպումը՝ որպես ժողովուրդների միջև փոխըմբռնման և մշակութային արժեքների փոխանակման արդյունավետ հարթակ։
Այս համատեքստում անդրադարձ է եղել 2025 թ. նոյեմբերի 30-ից մինչև 2026 թ. ապրիլի 30-ը Օմանի ազգային թանգարանում իրականացվող «Խնկի ճանապարհին․ Հայաստան» խորագրով ցուցահանդեսին։ Ցուցադրության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ներկայացված են երկու բացառիկ ցուցանմուշներ՝ 13-րդ դարի Անիի բուրվառներից մեկը և 18-րդ դարի արծաթյա բուրվառը։
Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է Օմանի ազգային թանգարանից ցուցանմուշների փոխառման և 2026 թվականին Հայաստանի պատմության թանգարանում համադրված հատուկ ցուցադրության կազմակերպման հնարավորությունը:
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ՀՀ Կառավարությունն իրականացնում է թանգարանային ոլորտի լայնածավալ բարեփոխումներ. ընդունվել է «Թանգարանների մասին» օրենք, որով ապահովվում է մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության համակարգված գործունեություն:
Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Ջամալ ալ-Մուսավին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել թանգարանի գործունեության հիմնական ուղղությունները։ Նրա խոսքով՝ Օմանի ազգային թանգարանը կարևոր դերակատարում ունի երկրի մշակութային քաղաքականության իրականացման և ազգային ինքնության պահպանման գործում՝ միաժամանակ խթանելով միջազգային համագործակցությունն ու մշակութային երկխոսությունը։
Նշվել է նաև, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մասկատի արքայական օպերային թատրոնի հրավերով, համերգային շրջագայության է մեկնել Օման։ Փետրվարի 13-14-ը նվագախումբը կներկայացնի «Ուոլթ Դիսնեյ» ընկերության «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմի երաժշտությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։