Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 11-ին ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները:
Ամփոփմանը ներկա են եղել Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արմեն Մուրադյանը, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարչական շրջանի դատախազության դատախազները, այլք:
Արմեն Մուրադյանը, ներկայացնելով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին նախաձեռնվել է 5228 քրեական վարույթ (2024 թվականին՝ 6673 քրեական վարույթ):
Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 1182 քրեական վարույթ՝ 1203 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 672 քրեական վարույթ՝ 731 անձի վերաբերյալ):
Դատարաններում ավարտվել է 758 քրեական գործ՝ 785 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 585 քրեական գործ՝ 617 անձի վերաբերյալ):
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի խոսքով՝ քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 268 միլիոն 341 հազար դրամ: Նույն ժամանակահատվածում վերականգնվել է 151 միլիոն 309 հազար դրամ վնասը:
Պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին անդրադառնալով՝ Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, որ 2025 թվականին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից իրականացվել է 7 ուսումնասիրություն, որոնք վերաբերել են բենզալցակայանների հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների, Ազատության հրապարակում վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասերի, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաններում աճուրդային կարգով օտարված հողամասերի և աճուրդի գործընթացի իրավաչափությանը և այլն: Ուսումնասիրությունների արդյունքներով դատախազների կողմից ներկայացվել են հանցանքի մասին հաղորդումներ, հայցեր՝ Վարչական դատարան, միջնորդագրեր՝ իրավասու մարմիններին:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից հարուցված հայցերով իրավասու դատարանի վարույթում 2025 թվականին քննվել և քննվում են 10 հայցադիմումներ: