Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի տվյալների պաշտպանության հանձնակատար Թամար Կալդանիին։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից։
Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում անձնական տվյալների պաշտպանության ոլորտի ներկա վիճակը, գործող լիազոր մարմնի կառուցվածքն ու գործառույթները, ինչպես նաև առկա ինստիտուցիոնալ կարողությունները։
Աննա Կարապետյանն անդրադարձել է անձնական տվյալների պաշտպանության նոր լիազոր մարմնի ստեղծման հայեցակարգին՝ ընդգծելով, որ նախատեսվում է ձևավորել անկախ և արդյունավետ մարմին՝ ապահովված բավարար ինստիտուցիոնալ, մարդկային և ֆինանսական ռեսուրսներով։ Նախաձեռնությունը նպատակ ունի ապահովելու ոլորտի համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին և ամրապնդելու անձնական տվյալների պաշտպանության համակարգային կայունությունը։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին՝ նշելով, որ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում իրականացվող համակարգային բարեփոխումները, օրենսդրության արդիականացումն ու եվրոպական չափանիշներին համապատասխանեցումը, ինչպես նաև նոր, ինստիտուցիոնալ առումով ուժեղացված լիազոր մարմնի ձևավորումը հանդիսանում են գործընթացի առանցքային մաս։
Հանձնակատար Թամար Կալդանին բարձր է գնահատել ՀՀ կառավարության նախաձեռնողականությունը և հետևողական քայլերը տվյալների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում՝ վերահաստատելով պատրաստակամությունը շարունակել համագործակցությունը և ցուցաբերել անհրաժեշտ մասնագիտական աջակցություն հետագա գործընթացներում։