ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փետրվարի 12-ին ընդունել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մարինա Աֆոնինայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման և գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացման հեռանկարները։
Մտքեր են փոխանակվել անասնաբուծության, բուսաբուծության, խաղողագործության և գինեգործության ոլորտներում գործակցության խորացման հնարավորությունների շուրջ։
Երկուստեք ընդգծվել է կրթության ոլորտում ուսանողների փոխանակման, միջազգային համաժողովներին և մասնագիտացված ցուցահանդեսներին համատեղ մասնակցության կարևորությունը։