Հայաստան այցից հետո ԱՄՆ փոխնախագահը մեկնել Ադրբեջան: Ջեյ Դի Վենսը և Իլհամ Ալիևը ստորագրել են Ռազմավարական գործընկերության խարտիան: Ալիևը հայտարարել է, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները թևակոխում են բոլորովին նոր փուլ, կողմերը կգործակցեն անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, էներգետիկ, պաշտպանության, արհեստական բանականության ոլորտներում։
Նա շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին՝ Հարավային Կովկասում խաղաղությանը նպաստելու համար, հավելել՝ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն 6 ամիս է՝ ապրում են ու նաև սովորում են ապրել խաղաղ պայմաններում: «Մենք ոչ միայն վերացրել ենք Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները, այլև ինքներս նավթամթերք ենք մատակարարում Հայաստան, այսպիսով փաստացի առևտրային գործակցություն ենք վարում», - մանրամասնել է Ալիևը: Նա ընդգծել է, որ տարածաշրջանում Թրամփի վարչակազմի ջանքերի կարևոր արդյունքներից է TRIPP-ի նախագծի իրականացումը, որը կկապի ոչ միայն Ադրբեջանի երկու մասերը, այլև Ասիան և Եվրոպան՝ Ադրբեջանի, Հայաստանի ու մյուս հարևանների տարածքով՝ այդպիսով ամրապնդելով տարածաշրջանում խաղաղությունը:
Ջեյ Դի Վենսն էլ շեշտել է՝ ամերիկյան կողմը ցանկանում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվող պայմանագիրը լինի կայուն: ԱՄՆ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ TRIPP-ի նախագիծը լրացուցիչ տնտեսական հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում:
«Առանց Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի առաջնորդության խաղաղության համաձայնագիրը հնարավոր չէր դառնա։ Կարծում եմ՝ այս պատմական խաղաղությանը հասավ 3 մարդ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարները: Ապագայում բարգավաճում կապահովենք այնտեղ, որտեղ ժամանակին կռիվներ էին», - շեշտել է Վենսը: ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ այժմ եկել է համագործակցության, առևտրի ժամանակաշրջանը: Նա նաև տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները նավակներ է տրամադրելու Ադրբեջանին՝ նպաստելու երկրի տարածքային ջրերի պաշտպանությանը:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան