Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը Telegram մեսենջերին 10,8 մլն ռուբլի ընդհանուր գումարի երկու տուգանք է նշանակել՝ Ռուսաստանում արգելված տեղեկատվությունը հեռացնելուց հրաժարվելու համար: Այդ մասին հայտնել է Մոսկվայի դատարանների մամուլի ծառայությունը:
Երկու տուգանքն էլ՝ 3,8 միլիոն և 7 միլիոն ռուբլի, նշանակվել է բովանդակության արգելափակման վերաբերյալ Ռուսաստանի իշխանությունների պահանջները խախտելու հոդվածով: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ տուգանքները նշանակվել են «ծայրահեղական գործունեության կոչերով տեղեկատվությունը չհեռացնելու» և «Ռուսաստանի զինված ուժերի, ալկոհոլի և ծխախոտի արտադրանքի վաճառքի, ինչպես նաև անձնական տվյալների տարածման ու վաճառքի մասին ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածելու և դրանք չհեռացնելու համար»։ Չի նշվում, սակայն, թե կոնկրետ որ հրապարակումների մասին է խոսքը։
Վերլուծաբանները կարծում են, որ Ռուսաստանի իշխանությունների իրական նպատակն է պայմաններ ստեղծել Telegram-ի աստիճանական դուրսմղման համար, ինչպես դա տեղի ունեցավ YouTube-ի և WhatsApp-ի դեպքում, և ռուս օգտատերերին տեղափոխել պետության կողմից վերահսկվող հաղորդագրությունների հավելվածներ, հիմնականում՝ Max և VK։